27/07/2021 14:19
Երբ հույսներս մեզ վրա ենք դնում, էլի ինչ-որ բան ստացվում է. Կամո Աթայան
Զարմանալ կարելի է միայն այն հայերից, ովքեր կարող են վիրավորվել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, այլ պետություններից, կազմակերպություններից, ընկերություններից, անհատներից, քաղաքական գործիչներից, մեր ազգային խնդիրների լուծմանը չմասնակցելու, փաստորեն, նաև մեր փոխարեն չպայքարելու, չկռվելու համար...
Նույն հարթության մեջ կարելի է դիտարկել նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Խնդիրը նրանում է, որ եթե ՀՀ-ն չի ճանաչում Արցախը, ապա ի՞նչ հիմքով է սպասում, որ ուրիշ երկրներ այդ քայլը կկատարեն: Այլ բան է, որ նման մոտեցում ուրիշներից սպասես քո քայլը կատարելուց հետո: Ի դեպ, բավականին բաց տեքստով այդ մասին մեզ բազմիցս հիշեցրել են...
Սա իրոք զարմանալի մտածելակերպ է, որը վերջին տարիներին բավականին հատուկ է դարձել մեր ժողովրդին:
Նայում ես հայկական մամուլը՝ ամենուրեք խոսում են ցնցող իրադարձությունների մասին՝ «շուտով ՀՀ վաչապետի ժ/պ-ն կփոխի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի ուղղությունը», հետո մի այլ տեղից պարզվում է, որ Ֆրանսիան շուտով ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձացնի Արցախի հարցը ու Արցախում խաղաղապահ առաքելությամբ կփոխարինի ՌԴ-ին: Դրանից առաջ, երկարատև մի շրջան մեզ հրամցնում էին, որ ՀՀ-ն փորձում է ՌԴ-ին հանել տարածաշրջանից ու բարեկամություն հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու նման այլ բաներ...
Գիտե՞ք՝ ինչն է այստեղ կարևորը, երևի թե այն, որ այս ամենը ենթադրաբար կատարվելու է մեկ կամ մի քանի հոգու կողմից, ու հայ ժողովուրդը այս կարևոր, ճակատագրական գործընթացներում պարզապես չկա, դրա մասնակիցը չէ։
Այս և նկատառման սկզբում բերված իրողությունն իրար փոխլրացնում են ու տալիս են վերջին շրջանում մեր պահվածքը նկարագրող հետաքրքիր բանաձև՝ ես չեմ պաշտպանում իմ հողը, սակայն նեղանում եմ ուրիշներից, որոնք այդ բանը իմ փոխարեն չեն անում, ես չեմ մտածում իմ պետության հզորացման մասին, սակայն նեղանում եմ, որ աշխարհի հզոր երկրները մեր խնդիրները չեն լուծում։
Սա պահվածքի անոմալիա է, պետական մտածողության և միջպետական հարաբերությունների վերաբերյալ իմացության պակաս, որը, ինչպես տեսանք, ներհատուկ է և մեր քաղաքացիներին, և մեր պետությանը...
Իսկ ո՞րն է ճշմարտությունը: Այն խիստ աքսիոմատիկ է ու կիրառելի բոլորի նկատմամբ: Անհատից սկսած մինջև պետություն քո ունեցած պրոբլեմները նախ և առաջ դու պետք է փորձես լուծել: Այլ բան է, որ այդ ընթացքում որևէ մեկը քեզ օգնի ու օժանդակի, կամ էլ ինքդ խնդրես նման օժանդակություն և օգնություն:
Այստեղ մի զարմանալի բան էլ կա: Բոլորս էլ գիտենք, որ հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, իր ունեցած խնդիրը կարողանում է հնարամտությամբ՝ ինքնուրույն կամ խմբովին լուծել, հաճախ շրջանցելով, կամ խախտելով նաև գործող օրենքները։
Բայց արի ու տես՝ ազգային, պետական խնդիրների լուծման համար միավորվելը, մի ընդհանուր լուծում գտնելը հաճախ անհնարին է դառնում։
Եթե հետադարձ հայացք ձգենք վերջին շրջանի մեր պատմությանը, կհամոզվենք, որ ունեցած բոլոր ձեռքբերումները հետևանք էին մի կարևոր սկզբունքի՝ «հավատա քո ուժերին ու համախմբված պայքարիր ու ինչ-որ հաջողություն հաստատ կունենաս»:
Այնպես, որ մեր բազում խնդիրները մենք պետք է փորձենք լուծել, կամ թեկուզև դրանց քանակը չավելացնել: Թե այդ ընթացքում ով օգնության և օժանդակության ձեռք կմեկնի մեզ, սա արդեն նաև աշխարհում մեր ունեցած հեղինակության ու վարած դիվանագիտության մասին է խոսում: