29/07/2021 09:30
«Հրապարակ». Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան. Պատգամավոր
«Հրապարակ» թերթի հետ զրույցում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան:
«Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետև ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը», - ասել է նա:
Ապա պատմական էքսկուրսով փորձել է ապացուցել, որ կայսրական այս պետությունը երբեք էլ Հայաստանի բարեկամը չի եղել։
Երեկ կեսօրին մոտ լուր տարածվեց, որ Ադրբեջանը համաձայնել է ՌԴ-ի առաջարկած հրադադարի պայմաններին, հայկական կողմը համառորեն չգաղտնազերծեց, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Դատելով պատգամավորի հայտարարությունից՝ խոսքը, ըստ ամենայնի, Սյունիքով միջանցքի կամ, ինչպես իշխանությունն է սիրում ասել՝ ճանապարհի մասին է: