30/07/2021 16:23
Առաքելությունն ավարտող ութերորդ գումարման ԱԺ-ն վերջին աշխատանքային օրն ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու. Նավասարդյանը՝ հայհոյանքի քրեականացման նախագծի մասին
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը քրեականացնող օրենքի նախագծին, որն այսօր ընդունվել է ԱԺ արտահերթ նիստում։
Նշելով ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանին ու մի շարք պատգամավորների՝ Նավասարադյանը գրել է.
«Արդեն չեմ հարցնում՝ որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին՝ պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։ Բայց երկու հարց ոնեմ։
Առաջինն՝ իր առաքելությունն ավարտող ութերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրն ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։ Եվ երկրորդ՝ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց «լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։
Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով՝ փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես և, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում»։