02/08/2021 09:33
Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին վստահեցրել են՝ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։
Պատգամավորն օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ իրեն հասած տեղեկությունների հետքերով դիմել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։
«Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ այդ պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։
Լավ է, որ իշխանությունը չգնաց այդ քայլին, ականջալուր եղավ լրագրողական բողոքին, և քննարկած խստացումների տարբերակը չդարձավ փաստաթուղթ, կիրառության մեջ չդրվեց։
Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի, և զլմ-ների ներկայացուցիչները «ավանդույթի ուժով» ազատ կտեղաշարժվեն խորհրդարանում», - հայտնել է Թագուհի Թովմասյանը։