02/08/2021 15:48
Հայաստանում մենք թշնամիներ չունենք. ապագա կա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ՀՀ ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ, Ազգային ժողովում հայտարարեց Ալեն Սիմոնյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում։
«Բայց պետք է աներկբա հաստատենք, որ Հայաստանում մենք թշնամիներ չունենք», - ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ մարդիկ իրենց սպասումները կապում են հենց իրենց՝ ԱԺ պատգամավորների հետ։
«Ես բոլորից խնդրում եմ ու հորդորում, որ վերափոխվենք հանուն Հայաստանի, հանուն հայ մարդու, մենք բոլորս գիտենք, որ մեր երկրի անվտանգությունն առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, բայց հաճախ մոռանում ենք, որ մեր ասած յուրաքանչյուր խոսք արձագանք է գտնում մեր սահմանների ամբողջ երկայնքով, ուստի, յուրաքանչյուր հայտարարություն սկսելիս պետք է նախ դիտարկենք մեր երկրի անվտանգության տեսանկյունից», - ասաց Սիմոնյանը։
Նա ասաց, որ բազմաթիվ անելիքներ կան ու հրամայականը մեկն է՝ միասնաբար ծառայացնել ուժերը երկրի անվտանգության ապահովման համար։
Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ պատրաստ է ու բաց յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ պետության ու ժողովրդի։
«Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները, ես ունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության ու խորհրդի կարիքը», - ասաց նա։
ԱԺ նախագահի թեկնածուն ասաց՝ պետք է անցնել գործի, որովհետև Հայաստանում ու Արցախում կա ապագա։