03/08/2021 16:40
Աճ կա գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, նվազում՝ շինարարության, իսկ ձեթն ու կարագն էժանացել են․ Մարտին Գալստյան
«2021 թվականի ընթացիկ զարգացումների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի դրական զարգացումներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաև արտաքին պահանջարկի արագ աճը։ Վերջինս արտահայտվում է նաև ՀՀ արտաքին հաշվեկշռի շարունակական բարելավմամբ։ Պահանջարկի նշված գործոնների զարգացումները հիմնականում նախանշում են գնաճային ազդեցությունների պահպանման մասին», - նշեց Գալստյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսության, ծառայությունների, արդյունաբերության ոլորտներում նկատվող աճի կողքին, շինարարության ոլորտում որոշակի նվազում կա։ Սակայն, Գալստյանի կարծիքով, ընտրություններին հաջորդած հարաբերական կայունությունը դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, թեպետ գնաճային սպասումների հետ կապված՝ կան որոշակի անորոշություններ։ Տնտեսության վրա որոշակի ազդեցություն թողնում է նաև իրավիճակը սահմանին։
Պարենի միջազգային շուկայում ձեթի, կարագի գնանկման տենդենցը, ԿԲ նախագահի հավաստմամբ, նկատվել է նաև Հայաստանում․ ներքին շուկայում ձեթի, կարագի գների որոշակի նվազում է արձանագրվել։
Գյուղատնտեսության ոլորտի աճի պարագայում գյուղմթերքի առկա գները Մարտին Գալստյանը պայմանավորել է արտահանմամբ։
«Ինչ վերաբերվում է գյուղատնտեսության աճին ու ներքին սպառման կառուցվածքին, ապա այդտեղ կարևորագույն գործոններից մեկը արտահանումն է․ աճի մի մասը արտահանվում է, որն իր ազդեցությունն է ունենում նաև ներքին սպառման վրա», - ասել է նա։