03/08/2021 14:14
«Անձեռնմխելիությունը, որոնք նրանք ունեցել են որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարված է». Դատախազը պնդում է՝ կալանավորված պատգամավորների հարցով օրենքի խախտում չկա
Ես, որպես իրավաբան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, քաղաքական մեծամասնության կարծիքը չէ, որ պետք է հաստատեմ, լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կալանավորված երկու պատգամավորների հարցին։
Նա ասաց, որ ունի դրա վերաբերյալ իր մեկնաբանությունն ու դատախազությունը դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում է տվել՝ ի պատասխան Արամ Վարդևանյանի դիմումի։
«Այո, անձանց, ովքեր կալանքի տակ են, անձեռնմխելիությունը, որոնք նրանք ունեցել են որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարված է օրենքով սահմանված կարգով։ Սահմանադրական կարգավորումները չեն ենթադրում, որ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկումը պետք է ստանա Ազգային ժողովի համաձայնությունը», - ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, թե որևէ տեղ չկա գրված, որ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկումը հետագայում անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում պետք է ևս մեկ անգամ հաստատվի ու վերահաստատվի։
Դատախազն ասաց, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր այժմ կալանքի տակ են, պատգամավորի կարգավիճակ ստացել են մանդատ ստանալուց հետո։
«Մանդատ ստանալուց հետո են դառնում պատգամավոր, իսկ մինչև դա, օրենքը ևս նրանց համար սահմանում է երաշխիքներ, բայց այդ երաշխիքները այլ են», - ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով՝ այս հարցում, իր իմացած իրավաբանությամբ, օրենքի խախտում չկա։