04/08/2021 12:45
Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության գործը գցում է ռուսական կողմի գրպանը. Քաղաքագետ
Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ բացարձակ ընդունակ չէ ապահովվել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը, այդ գործը գցում է ռուսական կողմի գրպանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ հայտարարությանը։
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետը միաժամանակ փորձում է վարկաբերել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։
«Նա ամբողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանել սեփական սահմանները և ընդամենը 250 ասկյարի կարգի հրավիրելու համար Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Հայաստանը, որպես պետություն, ուղղակիորեն գոյություն չունի։ Սա խայտառակություն է» , - ասաց Համբարյանը։
Հարցին՝ ինչպիսի՞ն կարող է լինել Թուրքիայի և Արևմուտքի արձագանքը տարածաշրջանում ռուսական զինուժի թվաքանակի ավելացման դեպքում, քաղաքագետը պատասխանեց՝ երեք կողմի առճակատումը բացահայտ երևում է արդեն այս պահին։
«Այն տպավորությունն է, որ ՌԴ-ն, Արևմուտքն ու Թուրքիան տարածաշրջանում համագործակցում են, սակայն դա ամենևին այդպես չէ։ Ռուսական կողմը գրեթե ոչ մի ֆինանասական աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին՝ հույսը դնելով ուժային ներկայությունն այստեղ էլ ավելի մեծացնելու վրա։ Մինչդեռ ԵՄ-ն այս տարի՝ Արցախի կորստից հետո, որոշել է Հայաստանում 2 միլիարդ եվրոյից ավելի ծրագիր իրականացնել, այն դեպքում, երբ նախորդ տարիներին ֆինանսական աջակցությունը շատ փոքր էր լինում», - ամփոփեց խոսքը Գագիկ Համբարյանը։