04/08/2021 16:33
Արդարադատությունը դուք պատկերացնում եք դատավորներ Արմեն Դանիելյանի ու Մնացական Մարտիրոսյանի ոճո՞վ, թե՞ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Հարությունյանի. Վարդևանյանն՝ իշխանությանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե արդարադատություն լինելու է:
«Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդարադատությունը դուք պատկերացնում եք դատավորներ Արմեն Դանիելյանի, Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի ոճո՞վ, թե՞ Ալեքսանդր Ազարյանի, Սերգեյ Մարաբյանի, Արման Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի ու այլ նման դատավորների տեսքով։ Իսկապես, ինձ հետաքրքիր է», - ասաց Վարդևանյանը:
Նա նշեց, թե պատահական չի թվարկել այս դատավորների անունները:
Պատգամավորի խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում Արմեն Դանիելյանի, Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի, Մհեր Արմաղանյանի նկատմամբ գոնե մեկ կարգապահական վարույթ չի հարուցվել:
«Իսկ իմ թվարկած դատավորներից գրեթե բոլորի նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում։ Հիմա հարց է առաջանում՝ եթե ձեր պատկերացրած արդարադատության տեսակը, որակը այդ անձինք են, ուղիղ ասեք», - նշեց Վարդևանյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասով պատգամավորն ասաց, թե մի բան չի հասկանում:
«Ես վստահ եմ՝ ձեր թիմը ասում էր, որ Մնացական Մարտիրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռը քաղաքական հետապնդման դրսևորում է եղել, հիմա հարց է առաջանում՝ այդ վճիռը քաղաքական հետապնդո՞ւմ էր, թե՞ չէ, որովհետև այն, որ երեք տարի Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ նույնիսկ մեկ կարգապահական վարույթ չկա, այդ տեսակ դատավորների վերաբերյալ դուք ոչ մի կոնֆլիկտ չունեք, նշանակում է՝ այդ վճիռն էլ ինքն ուրեմն ճիշտ է կայացրել», - ասաց Վարդևանյանը: