04/08/2021 15:38
Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու դեպքում Ռուսաստան հաշվի չի առնելու Թուրքիայի կարծիքը. Ռազմական փորձագետ
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելն այս պահին եղած միակ լուծումն է՝ զսպելու Հայաստանի տարածքներն ագրեսիայի հետևանքով օկուպացնելու Ադրբեջանի ռազմական նկրտումները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ռուսական կողմին արած համապատասխան առաջարկին։
«Մենք տեսանք, որ Ադրբեջանը վերցրեց Սյունքիում՝ Սև լճի շրջակայքում եղած տարածքները։ Այսինքն՝ փաստը մնում է փաստ, որ եթե խոչընդոտ չլինի, կարող է վերցնել այլ տարածքներ ևս։ Իսկ խոչընդոտելու երկու տարբերակ կա. առաջինը ՀՀ զինված ուժերի՝ Ադրբեջանին պատասխան կրակով լռեցնելն է, ինչպես օրեր առաջ տեղի ունեցավ Գեղարքունիքում։ Կամ, որպեսզի հնարավոր լարումը չվերածվի լայնածավալ ռազմական գործողությունների, լարվածության կետերում պետք է տեղակայվեն ՌԴ սահմանապահ ուղեկալներ, որոնք երկու կողմերից էլ սադրանքների բացառման ուղիղ պատասխանատվություն կվերցնեն», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ինչպիսի՞ն կարող է լինել Թուրքիայի և Արևմուտքի արձագանքը տարածաշրջանում ռուսական զինուժի թվաքանակի ավելացման դեպքում, Հայկ Նահապետյանը նկատեց՝ Ռուսաստանն այս հարցում ոչ միայն որևէ կերպ չի լսում, այլև հաշվի չի առնում Թուրքիայի կարծիքը։
«Թուրքիան այդ առումով որևէ գործոն չէ, և վերջինիս՝ գործոն չլինելու փաստը Ռուսաստանն ամրագրեց 44-օրյա պետարազմի ընթացքում՝ ի դեմս այդ երկրի ցանկության՝ արցախա-ադրբեջանական շփան գծում տեղակայելու նաև Թուրքիայի ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումներ։ Ռուսաստանը կտրականապես մերժեց այդ գաղափարը։ Այսպիսով, Ռուսաստանը բոլոր երևացող և չերևացող գործիքակազմերով կանխեց այս գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցությունը։ Այս պահին ՌԴ-ի համար կարևոր է կանխել տարածաշրջանային ցանկացած «հրդեհ», որը փորձում են բոցավառել Թուրքիան և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, մասնավորապես, Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել նրանց՝ ապահովելով հարաբերական կայուն խաղաղություն», - ամփոփեց ռազմական փորձագետը։