04/08/2021 15:15
«Ամենավատ բանը, որ կարող ենք անել, զոհերով մրցելն է». Ռուբինյանը ընդդիմադիր պատգամավորին կոչ արեց ներողություն խնդրել պատերազմում հարազատներ կորցրած պատգամավորներից
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, ով հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր:
«Հակոբ Ասլանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին ու վիրավորվել է, Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է պատերազմում, Մաթևոս Ասատրյանի եղբորորդին է զոհվել, ես ասում են այն մասը, որը գիտեմ: Փորձո՞ւմ եք հասկանալ՝ ինչ էին իրենք զգում ձեր ելույթի ժամանակ», - ասաց նա:
Ռուբինյանը պատգամավորին խնդրեց հետո մոտենալ իր նշած անձանց ու ներողություն խնդրել:
«Ես կարծում եմ՝ ամենավատ բանը, որ հիմա կարող ենք անել, զոհերով մրցելն է, դա ուղղակի խայտառակություն կլինի: Այս մասշտաբի պատերազմը, որ տեղի է ունեցել, չի անցել ոչ ոքի կողքով, ոչ ոք անմասն չի մնացել, բոլորն ունեն բարեկամներ, հարազատներ, եթե կա մի բան, որը մենք չենք կարող բաժանել, դա այն մարդիկ են, որոնք կռվել են հանուն հայրենիքի ու այն փառավորվածներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի», - ասաց Ռուբինյանը: