04/08/2021 13:18
Շարունակելու եմ պայքարն, անկախ նրանից՝ նստած կլինեմ ներքևում, թե վերևում. Իշխան Սաղաթելյան
Ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնը չի փոխելու ընդդիմության առաջնահերթությունները, պայքարի թիրախները, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
«Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ԱԺ-ի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են», - ասաց Սաղաթելյանը:
Նա նշեց, թե պատերազմում պարտության տարած, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա:
«ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ-ի նախագահությունում և խորհրդարանում: Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները՝ հակազդելու եմ այն բոլոր վտանգներն ու սպառնալիքները, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի թիրախները, ոչ էլ օրակարգերը: Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ կապ չունի նստած կլինեմ նախագահությունում, թե ներքում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա», - ասաց Սաղաթելյանը:
Նա ԱԺ փոխնախագահի աշխատանքը ևս մեկ լրացուցիչ գործիք է համարում ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր:
Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ իրենց ուժին քվեարկողները քվեարկել են ոչ միայն իրենց ԱԺ գործուղելու, այլ, նախևառաջ, իրենց միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար:
«Թեև ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել», - ասաց նա: