04/08/2021 14:53
Չեն կարող բեռները մտնեն Հայաստան՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչ է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:
Նա մեկ դիտարկում է ներկայացրել մաքսային ծառայության հետ կապված:
«Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետևյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես օրինակ կանցնեին, ասենք, Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան մեծ պողոտա: Իհարկե օրենքի և նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող», - ասել է Փաշինյանը։
«Այս տեսակետը կտրականապես չեմ կիսում, որովհետև չգիտեմ քրեական դատավարության կամ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, դա այլ հարց է, բայց ես համարում եմ, որ ուղղակի չի կարող այնպես լինել, որ բեռները մտնեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչն են կամ թեկուզ հսկիչից մի փոքր ավելի պատասխանատու: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի, որովհետև չի կարող այդպես ուղղակի լինել: Սա իմ առաջին պայմանը և պահանջն է, որպեսզի մենք հստակ սա արձանագրենք: Հետևաբար, այն միջավայրը, որում դա ընդհանրապես հնարավոր է որ տեղի ունենա, դրա մեջ է խնդիրը և առաջին հերթին պիտի լուծվի այդ միջավայրի հարցը: Ցավոք պիտի նշեմ նաև, որ հարկային ծառայության պարագայում էլ ունենք որոշ բացահայտված դեպքեր», - նշել է կառավարության ղեկավարը:
Միաժամանակ, վարչապետն արձանագրել է, որ այդ դեպքերը բացահայտվում են Պետական եկամուտների կոմիտեի ակտիվ մասնակցությամբ, որն օպերատիվ աշխատանքում նաև մեծ ներգրավվածություն ունի, շատ դեպքերում հենց նախաձեռնողը Պետական եկամուտների կոմիտեն է:
«Բայց հարցը սրա մեջ չէ, հարցը նրա մեջ է, որ մենք պետք է այստեղ լուրջ, խորքային օրենսդրական նորմատիվ, բայց նաև հոգեբանական բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի այս երևույթները եթե ոչ բացառենք, գոնե հասցնենք այնպիսի նվազագույնի, որ այսպիսի լսարաններում այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն ընդհանրապես չլինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը: