05/08/2021 12:31
Արարատ Միրզոյանին կամ Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակելը զուտ քաղաքական որոշում է լինելու. Քաղաքագետ
Ակնհայտ է, որ ոչ Արարատ Միրզոյանը, ոչ էլ Արմեն Գրիգորյանը կադրային դիվանագետներ չեն և այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ չունեն։ Նրանցից որևէ մեկին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակելը զուտ քաղաքական որոշում է լինելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
«Որոշ դեպքերում հայաստանյան պրակտիկայում գերիշխում են քաղաքական և ոչ թե մասնագիտական որոշումները։ Սա, իհարկե, նոր երևույթ չէ։ Սակայն ակնհայտ է՝ առկա են առանցքային ոլորտներ, որոնք, հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, պահանջում են բարձր աստիճանի պրոֆեսիոնալիզմ, միջազգային հեղինակություն և ճանաչում ունեցող անձանց նշանակում։
Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, թե դիվանագիտական ռեզերվում այս պահին ովքեր են մնացել», - ասաց զրուցակիցը։
Նարեկ Գալստյանի խոսքով՝ շատ ավելի լավ կլիներ, եթե ՀՀ կառավարությունը կադրային բանկում ունենար պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնցից լավագույնն էլ կնշանակվեր ԱԳ նախարարի պաշտոնում, սակայն նման մասնագետների բացակայության պայմաններում ստիպված է բավարարվել ունեցած կադրերով։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ արտգործնախարարի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, օրերս ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը և ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների որոշումը կանգ է առել Արարատ Միրզոյանի վրա, որն ավելի ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։