06/08/2021 16:39
Իշխանությունը հանրությունից կրկին ինչ-որ բան է թաքցնում՝ կապված տարածքների և անվտանգային ռիսկերի հետ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասին իշխանությունը խոսեց միայն այն ժամանակ, երբ մամուլում դրա մասին տեղեկատվություն հայտնվեց ։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է, հակառակ դեպքում նախ հանդես կգար քաղաքական հայտարարությամբ, կներկայացներ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրանից բխող քայլերը, այն իրավական հիմքերը, որոնք նրան թույլ են տվել դիմել ՌԴ-ին՝ ապահովելու նաև սահմանի այդ հատվածի պաշտպանությունը։ Բայց քանի որ իմ նկարագրած իրադարձությունները տեղի չեն ունեցել, ապա այս տեսանկյունից հանրության, տարբեր քաղաքական կամ հասարակական խմբերի մտահոգությունները տեղին են», - ասել է նա։
Ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի՝ անկլավների փոխանակման և անվտանգային խնդիրների և ռիսկերի մասին պաշտոնական տեղեկատվությունը ևս բացակայում է, իշխանությունը շարունակում է լռել, ինչն ահագնացնում է մտահոգությունները՝ հատկապես այն պարագայում, որ հետպատերազմյան շրջանում, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում, տարածքներ կորցնելու նախադեպ ենք ունեցել։
«Ամենատարբեր կենտրոններից և մայրաքաղաքներից հնչող հայտարարությունների ֆոնին անկլավների հանձնման հարցը չի կարող մտահոգիչ չլինել։ Երկրորդը՝ մենք հենց միայն հետպատերազմյան իրավիճակում տեսել ենք, թե ինչպես էր իշխանությունը թաքցնում ամենատարբեր գործընթացներ։ Նույն իրավիճակն ունեցել ենք նոյեմբերի 9-ից, օրինակ՝ Կովսականի և Կուբաթլուի հետ կապված, նույն իրավիճակն ունեցել ենք Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հետ կապված, երբ չի եղել պաշտոնական պարզաբանում, գործընթացի հանրայնացում։ Միայն երկրի ղեկավարի կողմից եղել է հայտարարություն, որ այո, տեղի է ունեցել բանավոր փոխըմբռնում, որի արդյունքում տարածքներ են հանձնվել։ Այս նախադեպերը հաշվի առնելով, միանշանակ, վատ սպասելիքներ ու վատ կանխատեսումներ ունենք, որ դա կարող է կրկնվել», - ասել է պատգամավորը։