06/08/2021 16:06
Արթուր Ղազինյանի համար զարմանալի է, որ ՔՊ-ականները «Նիկոլ» անունը որպես վիրավորանք են ընկալում
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը արձագանքել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ կապված միջադեպին՝ զարմանք հայտնելով, որ ՔՊ-ականները «Նիկոլ» անունը դիտում են որպես վիրավորանք։
Հիշեցնենք, որ ԱԺ ղեկավարությունը ձայնի իրավունքից զրկել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ Փաշինյանին անունով դիմելու համար։
Ղազինյանը հայտարարել է, որ հայ տղամարդու համար անընդունելի վարքագիծ է կնոջը չհարգելը, նրա վրա «հարձակվելը»՝ նույնիսկ այն դեպքում, եթե ՔՊ-ական պատգամավորները նեղվում են, երբ Փաշինյանին անունով են դիմում։ Տեղի ունեցածը «Հայաստան» խմբակցության պատգամավորն անընդունելի է համարել նաև իրավական տեսանկյունից։
«ԱԺ նիստը նախագահողը կարող է կարգապահական տույժ կիրառել խորհրդարանի անդամի նկատմամբ, եթե նա հնչեցնում է վիրավորական արտահայտություններ։ Ես այդ անունը (Փաշինյանի – խմբ․) չեմ տա, որովհետև չեմ ուզում ուղղակի։ Բայց ես չէի մտածում, որ այդ անունը կարող է որպես վիրավորանք հնչել։ Մարդու անունն է այդպիսին, այդ անունով դիմում են, դա անձնագրի մեջ գրված անուն է, և չեմ կարծում, որ կիրառված տույժը իրավաչափ է և համարժեք է տեղի ունեցածին։ Եվ հետո, այդ անունը ունի բազմաթիվ հոմանիշներ, հետևաբար, որպեսզի մենք այստեղ գտնվենք, ինչպես դուք եք ասում, կառուցողականության, կոռեկտության և էթիկայի սահմաններում, ապա մի խորհուրդ․ եկեք անունների արտասանության հետ կապված՝ մարդկանց վրա չհարձակվենք և մարդկանց չփորձենք լռեցնել։ Դա ձեզ դուր չի գալիս, բայց սովորեք․ դեռ շատ բան կարող է ձեր դուրը չգալ», - դիմելով ՔՊ խմբակցության անդամներին՝ ասել է Արթուր Ղազինյանը։