10/08/2021 16:45
Զասը շատ հստակ ասել է՝ ՀԱՊԿ-ի հետ ՀՀ իշխանությունների խաղերը չեն անցնի. Արմեն Բադալյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ակնարկել է, որ իրենք «շատ լավ հասկանում են՝ ՀՀ իշխանությունն Արցախի հարցում Ադրբեջանի հետ ինչ խաղ է խաղում, և որ սահմանային հարցերում Հայաստանը չփորձի գցել կառույցի հեղինակությունը», Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյան շատ հստակ ասել է, որ ՀԱՊԿ-ի հետ այդ խաղերը չեն անցնի։
«Զասն ասում է՝ «ՀՀ հարգելի իշխանություններ, դուք ՀԱՊԿ-ին դիմում եք ոչ այն կետերով, որոնցով պետք է դիմեիք, հայտարարում եք, թե տարվա մեծ մասը ձնածածկ տարածքում գտնվող Սև լճի համար կռիվ չեք անելու, բանակից հեռացնում եք մարտունակ գեներալներին՝ նրանց փոխարինելով ձեզ ենթակա գեներալներով», - ասաց Բադալյանը։
«Զասը, կարծես ասում է. «Հարգելիներս, մենք հասկանում ենք, թե դուք ինչ խաղ եք խաղում, բայց ՀԱՊԿ-ն այդ խաղի մեջ չի մտնելու», - նշեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են ամեն ինչ անել՝ հեղինակազրկելու պաշտպանական այդ կառույցը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: