02/09/2021 11:23
Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ հանդես է եկել ուղերձով։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի΄ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում: Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է:
1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական որոշում էր, որով արցախահայությունը կանխորոշեց իր ապագան: Հետագա 30 տարիները բարդ ու խոչընդոտներով լեցուն էին: 90-ականներին մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք, լծվեցինք պետականաշինության գործընթացին, ու թեև աշխարհը չճանաչեց Արցախի անկախությունը, ստեղծեցինք ժողովրդավարական երկիր՝ բոլոր պետական ատրիբուտներով:
Արդյոք ճի՞շտ օգտագործեցինք պետություն կառուցելու բացառիկ հնարավորությունը, արդյոք ազնի՞վ եղանք մեր ու սերունդների առջև. հարցեր են, որոնք անընդհատ ծառանում են մեր առջև:
Սխալները շատ էին: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք: Հակառակորդին թերագնահատելն ու դիվանագիտական ոչ լիարժեք ջանքերն իրենց դերը խաղացին:
3 տասնամյակ անց պետք է արձանագրենք՝ անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր: Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում:
Անկախության ճանապարհը հարթ չէ: Այն տասնամյակներ է տևում: Սակայն եթե կա հավատ ու կամք, անհնարինը դառնում է հնարավոր:
Այսօր դիմելով արցախահայությանը՝ կոչ ենք անում չհուսալքվել, զինվել համբերությամբ։ Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին: Բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք՝ հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև:
Մենք մեր խոնարհումն ենք բերում 30-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած բոլոր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն փորագրեցին պատմության չջնջվող արձանագրության մեջ: Խոստանում ենք արժանի լինել նրանց հիշատակին ու կիսատ թողած գործը ավարտին հասցնել:
Գիտակցում ենք մեզ սպասող դժվարությունները, բայց հաստատակամ ենք: Աստված մեզ հետ»: