03/09/2021 14:34
Ռուստամ Մուրադովը հանդիպել է Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկը մտած ադրբեջանցուն, որը կալանավորված է
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում հանդիպել է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, ով ձերբակալվել էր Մարտակերտում և այժմ պահվում է Արցախի ՔԿ-ում, հայտնում է «Փաստինֆոն»։
Մուրադովը ծանոթացել է ադրբեջանցու առողջական վիճակին։ Բաբաևի խնդրանքով՝ նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում օգոստոսի 25-ին հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Բաբաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: