06/09/2021 11:10
Եթե Հայաստանը կարողանա նորմալ բանակցություններ վարել, կարող է, առանց Արցախի կորստի, ճանաչել «Ադրբեջանի ամբողջականությունը»․ Մովսես Հակոբյան
Մեր երկրի քաղաքական ղեկավարների և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների հայտարարությունները միմյանց հակասող են, որովհետև Ադրբեջանը մեզանից պահանջում է, որպեսզի ճանաչենք միմյանց պետական սահմանները, իսկ Հայաստանն ասում է՝ եկեք սահմանազատում անենք։ Այդպես չի կարելի, 168․am-ի հետ զրույցում արձագանքելով սահմանզատման ու սահմանագծման վերաբերյալ հայտարարություններին՝ ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ գործընթացի նախապայման համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք չկան։
Մովսես Հակոբյանը նաև կարծիք է հայտնել, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին հայտարարությունները դեռևս չեն նշանակում գործընթացի մեկնարկ։ Նրա խոսքով՝ դրա համար, դիվանագիտական հարաբերություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, ինչ-որ փաստաթղթի շուրջ պայմանավորվեն, ապա ստեղծվի հանձնաժողով՝ երկու երկրների որոշած քարտեզով, որից հետո էլ տեղի ունենա սահմանագծում ու սահմանազատում։
Նման իրավիճակում Հայաստանի կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ներառյալ Արցախը, ճանաչելու ռիսկը Մովսես Հակոբյանը պայմանավորել է ՀՀ գործող իշխանության վարած դիվանագիտությամբ։
«Ամեն ինչ բանակցությունների ու պայմանավորվածությունների հարց է։ Եթե Հայաստանը կարողանա նորմալ բանակցություններ վարել, ապա կարող է, առանց Արցախի կորստի, ճանաչել «Ադրբեջանի ամբողջականությունը»՝ չճանաչելով Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս», - ասել է նա։