08/09/2021 16:57
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախագահների հետ
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի ԴՕզին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվեցլ երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա համագործակցային հարաբերությունների դինամիկ եւ շարունակական զարգացման շուրջ:
Ալեն Սիմոնյանը հատկանշական է համարել 2020 թ. դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի եւ դեկտեմբերի 11-ին Բելգիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված Բելգիայի եւ միջազգային հաստատությունների նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ» բանաձեւի ընդունումը:
ԱԺ նախագահը շեշտել է նաև Բելգիայի Ներկայացուցիչների պալատի 2021 թ. մայիսի 27-ին «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ` ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձեւի ընդունման կարեւորությունը:
Բելգիացի գործընկերները նշել են՝ Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տեւական խաղաղություն եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին այն ապահովելու հարցում: Նրանք բարձր են գնահատել հայ համայնքի դերը Բելգիայի հասարակության մեջ: Կողմերը փաստեցին, որ առկա բարեկամական հենքի վրա մտադիր են զարգացնել եւ խորացնել հայ-բելգիական միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունները` ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների: