08/09/2021 17:52
Հրկիզել են Դիլիջան Ազգային Պարկ-ի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան
Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան Ազգային Պարկ-ի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան, հաղորդում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ դեպքի մասին իրազեկել են ՀՀ ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում:
«Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։
Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։ Իսկ հնարավոր կատարողներին և/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»,-նշել է նախարարը։