09/09/2021 16:24
Սպորտում ծանոթ-բարեկամով չեն գործում, չենք էլ գործել․ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ՀԱՕԿ նախագահ
Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Օրակարգում էր նաև ՀԱՕԿ նախագահի ընտրության հարցը:
«ՀԱՕԿ նախագահի թեկնածուն առաջադրվել է գրեթե բոլոր ֆեդերացիաների կողմից, բոլորի թեկնածուն եղել է միայն Գագիկ Ծառուկյանը, բայց պետք է մեր կանոնադրությանը համահունչ շարժվենք, և ՀԱՕԿ նախագահի մեկ թեկնածու էլ առաջադրվել է Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից։ Առաջադրվել է նաև գործող նախագահ պարոն Ծառուկյանը», նիստին հայտարարեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Հայտարարությունից հետո ՀԱՕԿ-ը միաձայն նախագահ ընտրեց Գագիկ Ծառուկյանին և հոտնկայս ողջունեց նրան։
«Մարզարշխարհում շատ բան ունենք անելու, չպետք է այսօր ասենք՝ արել, վերջացրել ենք։ Դա շատ քիչ է։ Հիմնական արդյունքները մեր մարզաշխարհի՝ մարզիչների, մարզիկների քրտնաջան աշխատանքի արդյունքն են»,- նշեց ՀԱՕԿ նորընտիր նախագահը։
Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց մարզաշխարհի ներկայացուցիչներին ու կարևորեց սպորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերը։
«Հնարավորություն կա՝ պայքարելու, ավելի շատ մեդալներ բերելու համար։ Պատրաստ եղել եմ, միշտ պատրաստ եմ միասնական աշխատելու և ամեն տարի մեդալների գույնը փոխելու համար։ Հաջողությունն ու հաղթանակը միասնության և արդարության մեջ է, սպորտում ծանոթ-բարեկամով չեն գործում, չենք էլ գործել»,- ասաց նա։