09/09/2021 14:34
Լաչինի միջանցքին բավականին մոտ թշնամին զորավարժություններ է անում, իսկ Արցախի նախագահականի արձագանքն է՝ մենք ուշի-ուշով հետևում ենք. Մետաքսե Հակոբյան
Արցախում մարդիկ մի քանի մասի են բաժանված․ նրանք, ովքեր գումարի դիմաց ասում են, որ Արայիկ Հարությունյանը «փրկիչ» է, նրանք, որոնք գուցե իրոք հավատալով՝ ասում են, որ ի՞նչ կար նրա ձեռքին, նա ընդամենը գործիք էր, իսկ ինչ արեց՝ Նիկոլն արեց։ Եվ կան մարդիկ, որոնք ատում են Արայիկ Հարությունյանին, Ացախում տիրող հասարակական տրամադրությունների մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Արցախի իշխանություններն այսօր վարում են պոպուլիստական քաղաքականություն, իսկ արցախցու ընկված վիճակն ու սոցիալական խնդիրները մնում են անփոփոխ։ Համարժեք չէ արձագանքը նաև ադրբեջանցիների գործողություններին։
«Արայիկ Հարությունյանն այսօր իր մի քանի թիմակիցներով իրեն պահում է որպես նախագահ և իշխանություն։ Որքան էլ ինձ համար ցավալի է և չպիտի լինի այդպես, բայց մենք Արցախում իշխանություն չենք տեսնում, այդ իշխանության կողմից որևէ գործողություն չենք տեսնում։ Երբ խոսում ենք անվտանգային խնդիրներից, մեզ ասում են, որ մենք խուճապ ենք առաջացնում։ Մենք խուճապ չենք առաջացնում, մենք պարզապես ճիշտն ենք ասում», - ասաց Հակոբյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ Ստեփանակերտում լսվում է, թե ինչպես են Շուշիից կրակում Շոշի, Մխիթարաշենի ուղղությամբ, մինչև Կարմիր Շուկա։
«Վերջերս էլ տեսանք, որ թիրախավորված հենց Թաղավարդի մի տան վրա էին կրակել՝ երեխայի սենյակի ուղղությամբ։ Փառք Աստծո, չեղան զոհեր, բայց երբ նայում ես Արցախի իշխանություններին, թշնամին կրակում է, իսկ իրենք լռում են», - ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ համարժեք չէ արձագանքը նաև թուրք-ադրբեջանական զորավարժություններին։
«Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքին բավականին մոտ, թշնամին զորավարժություններ է անում, իսկ Արցախի նախագահականի արձագանքն է՝ մենք ուշի ուշով հետևում ենք։ Ինչի՞ն եք հետևում, որո՞նք են ձեր քայլերը», - ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ անկախ ստեղծված վիճակից, կա իր հողին ամուր կառչած արցախցու տեսակ, որը երբեք չի լքի բնօրրանը։