09/09/2021 12:47
Մոտ 22 հազար արցախցի չի վերադարձել Արցախ. տուն չունեն. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)
Արցախում շատ լուրջ հարց է շարունակում մնալ բնակարանային խնդիրը, Ազգային ժողովում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Երևի թե, ամենալուրջ խնդիրն է սա, քանի որ մարդիկ ուղղակի բնակվելու համար հասանելի տներ, բնակարաններ չեն գտնում ու նաև դրանով է պայմանավորված, որ դեռևս մոտ 22 հազար արցախցի չի վերադարձել Արցախ, այն դեպքում, երբ ցանկություն են հայտնում վերադառնալ ու բնակվել, բայց չունեն պայմաններ», - ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ մարդիկ ապրում են նկուղներում, որտեղ ամենատարրական կենսական պայմաններն ապահովված չեն, զրկված են ստանիտարական պայմաններից։
«Պետության կողմից տրվող վարձավճարները չեն համապատասխանում շուկայական գներին, ես առաջարկ ներկայացրել եմ Արցախի կառավարությանն ու գիտեմ, որ քայլեր են ձեռնարկվում», - ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Ստեփանյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրների են բախվում արցախցիները նաև Հայաստանում։
«Անհրաժեշտ նյութական միջոցները չեն բավարարելու նորմալ կենսապայմանների համար», - ասաց նա։