09/09/2021 13:31
Ի՞նչ է, հայ գերիներին խոշտանգելու համար Ադրբեջանը պետք է մնա անպատի՞ժ. Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատասխանի հարցին, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ «գերիները մեկ-երկու ամիս կարո՞ղ են սպասել»։
«Ես չեմ կարող պատասխանել, քանի որ դա ամբողջությամբ կքաղաքականացնի իմ պատասխանը», - ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին՝ ասաց Թաթոյանը։
Նա, սակայն, նշեց, թե հայ գերիներին վերադարձնելով՝ չպետք է համարել գործն ավարտված։
«Ի՞նչ է, խոշտանգումների համար Ադրբեջանը պետք է մնա անպատի՞ժ, իհարկե ոչ, այստեղ երկու շատ մեծ բաղադրիչ կա՝ վերադարձ, հետո պատասխանատվության մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել», - ասաց Թաթոյանը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ ասաց, որ գերիները պետք է օր առաջ վերադարձվեն։
«Պետք է արվի առավելագույնն Ադրբեջանից մեր հայրենակիցներին հանելու համար», - ասաց նա։