10/09/2021 13:30
Ռուսաստանի նպատակն է Ադրբեջանի հետ կնքել պայմանագիր, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրվեն խաղաղապահ ուժերի լիազորությունները․ Մանոյան
Ռուսաստանը ոչ թե փոխել է իր դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ, այլ փորձում է իր նպատակներն իրականացնել։ Ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Բաքվի տեսանկյունից՝ Ադրբեջանում, ամրագրված է ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց խնդիր կա, որ ստորագրվի առնվազն երկկողմանի՝ ՌԴ-Ադրբեջան պայմանագիր, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրվի, թե այդ խաղաղապահ ուժերն ինչ լիազորություն ունեն, անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարմանը՝ ասուլիսում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը խուսափում է Ռուսաստանի հետ նման պայմանագիր ստորագրել, սակայն ռուսական կողմը որոշակիորեն կոշտ հայտարարություններով ցանկանում է հասնել դրա ստորագրմանը։
«Այսինքն, Ռուսաստանն իր տեսակետն Ադրբեջանի նկատմամբ չի փոխել, ուզում է Ադրբեջանի վրա հնարավորինս ազդեցություն ունենալ։ Վերջին առնվազն 15-20 տարիների ընթացքում Ռուսաստանի մոտեցումը եղել է դա, և այդ ազդեցությունը պահելու համար նա փորձում է ինչ-որ չափով կոշտ հայտարարություններ անել, բայց մի փոքր ուշացել է՝ թույլ տալով, որ Թուրքիան Ադրբեջանում և, ընդհանրապես, տարածաշրջանում ունենա ռազմական ներկայություն», - ասաց Կիրո Մանոյանը։