10/09/2021 12:33
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը կից հրապարակել է դատարանի որոշումը, ըստ որի՝ դատարանը միաժամանակ բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։
Հիշեցնենք՝ «Փաստերի ստուգման հարթակ»-ում հրապարակվել էր «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ու ձայնագրությունը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն:
Քննչական կոմիտեն Մալխասյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով` խոշոր չափերի կաշառք ստանալու հատկանիշներով: