11/09/2021 16:25
Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը Բաքվում անցկացնելու են «Երեք եղբայր - 2021» զորավարժությունները
Սեպտեմբերի 12-ից 20-ը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բաքվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
«Երեք եղբայր - 2021» զորավարժությունների հիմնական նպատակն է ստորաբաժանումների միջև փոխգործակցության կատարելագործումը, գործողությունների նախապատրաստումը խաղաղ և պատերազմական իրավիճակներում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում նաև օկուպացված Արցախի Լաչինի շրջանում։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության, թուրք և ադրբեջանցի հատուկջոկատայինները մշակում և իրականացնում են բարդ տեղանքում հետախուզության, դարանակալների ստեղծման, «պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի» հայտնաբերման ու ոչնչացման գործողություններ։