13/09/2021 15:49
Ես շատ ուրախ եմ, որ մուրճ է ցուցադրվել, իսկ Սյունիքում ողջույնն առանք. Վահագն Ալեքսանյան
Ով կարծում էր, որ դա իր ողջույնի ձևն է, կարող է համարել, որ իր ողջույնն առանք, խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հիշելով Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի խոսքերը։
Նա պնդեց, որ 15-20 հոգանոց «շատ կասկածելի վարք ու բարք ունեցող» մարդկանց ողջույնը՝ հղած Նիկոլ Փաշինյանին, կարիք չկա ներկայացնել որպես ընդհանուր՝ «սյունյաց ողջույն»։
ՔՊ-ական պատգամավորը իր ասածի հիմնավորում համարեց Սյունիքում ընտրությունների արդյունքները։ Նա իր անհամաձայնությունը հայտնեց նաև պնդումներին, որ նախընտրական շրջանում Սյունիքում վախի մթնոլորտ է ստեղծվել ու որպես վախի խորհրդանիշ Փաշինյանը մուրճ է ցուցադրել։
«Ես շատ ուրախ եմ, որ այդ մուրճը ցուցադրվել է, և վստահեցնում եմ, որ բոլոր ընտրակեղծարարների թաթիկներին, ձեռքերին՝ փոխաբերական, այլաբանական իմաստով, այդ կամ գուցե ուրիշ մուրճ, այնուամենայնիվ, իջնելու է։ Նորից եմ ասում՝ փոխաբերական իմաստով, բայց եթե որոշ ընտրակեղծարարներ իրենց վտանգված զգան, կարող են իմ դեմ համապատասխան հայց ներկայացնել», - հայտարարեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը։