13/09/2021 11:26
Ինչո՞ւ եք Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել միկոնոսյան հանգիստը. Արցախ չմեկնելու պատճառն ալիևյան արգե՞լքն է. ընդդիմադիր պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք նախորդ նիստում գերազանցել եք Ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները։ Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի, քանի որ ենթադրվում է, որ այն օրերին ինչ-ինչ պատճառներով լարված եք եղել, իսկ հիմա, դատելով համացանցում առկա Ձեր ու Ձեր ընկերների՝ միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցի կադրերից, լարվածությունն անցած պետք է լինի, խորհրդարանում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ զոհված ու անհետ կորած, գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ նույն Ալեն Սիմոնյանն ասում էր, որ գիշեր-ցերեկ մտածում է միայն նրանց մասին, այնինչ Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին, որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա, Ստեփանակերտ այցելելու փոխարեն շատ բարձր տրամադրությամբ հանգիստ է անցկացրել Հունաստանում։
«Ինչո՞ւ եք Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել միկոնոսյան հանգիստը։ Արցախ չմեկնելու պատճառն ալիևյան արգե՞լքն է ու գերի ընկնելու վա՞խը, թե՞ այլ պատճառներ կան», - շարունակեց Արեգնազ Մանուկյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան նշեց, որ ՀՀ-ից Արցախ պատվիրակություն մեկնել է, և այդ պատվիրակությունը եղել է ներկայացուցչական։
«Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին ու ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում», - ասաց Սիմոնյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ համացանցում առկա կադրերը, որոնք պատկերավոր ներկայացնում են Սիմոնյանի և ևս երկու պատգամավորի թանկարժեք հանգիստը, որպես սուտ պատկերացնելը դժվար է։
Ընդդիմադիր պատգամավորկ խոսքով՝ դատելով Սիմոնյանի ներկայացրած հայտարագրից՝ դժվար է նաև պատկերացնելը, թե ինչ գումարով է նա թանկարժեք ժամանց անցկացրել հունական կղզում։
«Տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է Ձեր ծախսերը հոգացել։ Հաստատվելու դեպքում ստացվում է դասական կոռուպցիայի դեպք», - ասաց Արեգնազ Մանուկյանը։
ԱԺ նախագահը այս դեպքում էլ հավատարիմ մնաց նույն ոճին։
«Ես իմ մասնավոր կյանքը չեմ մեկնաբանում, ինչպես նաև ստերին ու դեղին մամուլին չեմ հետևում ու Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս», - նշեց Սիմոնյանը։