13/09/2021 14:24
Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն առաջնորդվել ադրբեջանական օրակարգով, հետագայում կունենանք նոր կորուստներ․ Տիգրան Աբրահամյան
Եթե շարունակենք առաջնորդվել ադրբեջանական օրակարգով, իսկ այս պահին ՀՀ իշխանությունները բացառապես ադրբեջանական օրակարգն են առաջ մղում, ապա հետագայում ունենալու ենք նոր կորուստներ և անվտանգային նոր խնդիրներ՝ սահմանի տարբեր ուղղություններով, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ Armlur.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ Գորիս-Կապան ճանապարհին, Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանական ոստիկանության կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգման փաստը վկայում է, որ Ադրբեջանը ավելի վաղ հենց այնպես չէր փակել այդ ճանապարհը։
«Գորիս-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում ադրբեջանական հենակետերի ընդլայնումն ու որոշակի խտացման ապահովումը ցույց է տալիս, որ այդ ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն ունի շատ ավելի մեծ հավակնություններ։ Ադրբեջանը ցանկանում է մեծացնել վերահսկողությունը դեպի Արցախ և Հայաստանի տարբեր հատվածների վրա՝ ոչ միայն օգտագործելով իր մարտավարական որոշակի հնարավորությունները, այլև հետագայում դա դարձնելու համար քաղաքական խաղաքարտ և օգտագործելու նաև բանակցային գործընթացներում», - ասել է նա։
Աբրահամյանը նաև կարծիք է հայտնել, որ Սյունիքի բնակավայրերի մասին խոսելիս դրանց ադրբեջանական անվանումներ տալով՝ Նիկոլ Փաշինյանը նոր կորուստների է նախապատրաստում հանրությանը։