13/09/2021 11:06
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագիծը
Ազգային ժողովը նիստերի օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացութուն ստացած նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրեց՝ առաջարկել էին նախ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել, որը, սակայն, մերժվել էր: Հետո առաջարկել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերանվանելու Արտաքին հարաբերություններ և Արցախի հարցերով հանձնաժողով՝ գործառույթների մեջ ավելացնելով նաև Արցախին առնչվող հարցեր, սակայն այս նախաձեռնությանը ևս ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
«Եթե նույնիսկ այս իրավիճակում մենք չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր հանձնաժողովներից որևէ մեկի գործառույթում, ապա ես կարծում եմ՝ այս խուսափողական, այս նահանջող գործելակերպը ոչ թե խելամտության մասին է վկայում, որ անկամության, թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին», - ասաց Վարդանյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, թե ներկայացված նախագիծը բացարձակապես չէր լուծում խնդիրները, չէր անդրադառնում հարցերին:
«Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր ՀՀ-ի և Արցախի ԱԺ-ների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահները: Այս պարագայում այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է», - ասաց նա:
Ընդմիջումից հետո քվեարկությամբ որոշման նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը ստացավ 10 կողմ և 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն: ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կոչնակը չի հնչել և հորդորեց կրկնել քվեարկությունը: Ալեն Սիմոնյանը կրկնեց քվեարկությունը. արդյունքում նախագիծը ստացավ 30 կողմ և 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն՝չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ: