13/09/2021 13:18
Գտնում եմ, որ նման միջոցառումներով առաջին հերթին մեր խոնարհումն ենք հայտնում մեր ընկած հերոսներին. Կոնջորյանը՝ «գունագեղ» տոնակատարության մասին
Միանշանակ է, որ կառավարությունն ու իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի։ Մյուս կողմից, սակայն, այս տարի լրանում է ՀՀ անկախության 30-ամյակը, և մենք, որպես պետություն, անցնելով ծանր դժվարությունների միջով ու նաև ունենալով պատերազմի ծանր հետևանքները, պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ես գտնում եմ, որ նաև նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք առաջին հերթին հայտնում մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Արցախի, Հայաստանի, հայության, և մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ ու մեր ժողովրդի բարեկեցությամբ», - ասաց նա։
Հասարակության լայն շետերի և հատկապես ընկած հերոսների ծնողների բացասական վերաբերմունքը Փաշինյանի հայտարարությանը, թե սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք «գունագեղ տոնակատարությունը նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», Կոնջորյանը համարեց քաղաքական շահարկում։
«Որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա, և այդ քաղաքական շահարկումների մասով ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ հստակ պատկերացումներ ունի և իր գնահատականը տվել է, տալիս է և նորից կտա», - ասաց նա։