14/09/2021 18:16
ՀՀ քաղաքացիներին Բաքվի բանտերում խոշտանգում են, և սա չի կարող դիտվել որպես թուրքի կամ ադրբեջանցու կողմից ուղարկված «դրական ազդակ»․ Աննա Մկրտչյան
«Սա ուղղակի ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդիկ ոչ միայն չեն զբաղվում գերիների խնդրով, այլև նրանց նյարդայնացնում է այն հանգամանքը, որ ՀՀ ՄԻՊ-ը կարողացել է ամբողջական և լրիվ պատկերը ներկայացնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ այն խոշտանգումների մասին, որոնք Բաքվի բանտում են տեղի ունենում», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե «հնարած տեսարանները» ինչի՞ համար է պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը «հնարած տեսարան» ձևակերպումն արել էր՝ արձագանքելով Աննա Մկրտչյանին, երբ նա խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնելով Բաքվում հայ գերիների խոշտանգման մասին, մեջբերել էր դրա մասին վկայող հատված՝ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցից, որը պետք է ներկայացվի միջազգային հանրությանը։
«Նրանք ոչ միայն ՄԻՊ-ին չեն օգնել այդ զեկույցի պատրաստման ընթացում, ոչ միայն որևէ կերպ զեկույցի լուսաբանմանը չեն նպաստում, դեռ մի բան էլ նյարդայնանում են, որ հայ հանրությունը տեղեկանում է դրանից։ Եվ այո, ԱԺ ամբիոնից, նաև ի լուր աշխարհի, պետք է հայտարարվի այն մասին, որ հայ ռազմագերիներին, ՀՀ քաղաքացիներին Բաքվի բանտերում ուղղակի խոշտանգում են, արժանապատվությունն են նվաստացնում, և սա որևէ կերպ չի կարող դիտվել որպես թուրքի կամ ադրբեջանցու կողմից ուղարկված «դրական ազդակ», ինչպես հայտարարում է Նիկոլը», - ասաց Աննա Մկրտչյանը։