14/09/2021 10:19
«Ընդդիմությունն ո՞ւր է, որտե՞ղ է». «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը (Տեսանյութ)
Կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթն ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Սկզբունքային նշանակություն ունի՝ որոնք են կոռոպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի, անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում, դրա կենտրոնական տեղում ընդդիմությունն է, որը պետք է կարողանա զսպել, հասնել այն բանին, որ իշխանական լծակների տիրապետող անձինք կարողանան զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքաքականության կենտրոնական, սկզբունքային հարցերից մեկը ընդդիմության դերակատարությունն է:
«Սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա, բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը: Ընդդիմությունն այստեղ ո՞ւր է, որտե՞ղ է, ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանա պառլամենտը, երբ չկա ընդդիմության խոսքը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Մինասյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը:
Նշենք՝ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի հարցը. առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: