14/09/2021 11:19
Դատավոր Հրաչ Այվազյանը խուսափեց պատասխանել՝ ինչպես է վերաբերվել, երբ Նիկոլ Փաշինյանը հրամայել է շրջափակել դատարանները (Տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը: Ընտրվել է երեք թեկնածու Հովսեփ Բեդևյանը, Լիանա Հակոբյանն ու Հրաչ Այվազյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Հրաչ Այվազյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին է եղել իր վերաբերմունքը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ շրջափակել դատարանները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված դատավորի վարքագծի ու էթիկայի կանոննների հիմքով պարտավոր եմ ապահովել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն, իսկ քանի որ հարցը վերաբերում էր քաղաքական գործընթացներին, հետևաբար, թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել», - ասաց դատավոր Հրաչ Այվազյանը:
Նույն հարցը Այվազյանին ուղղեց նույն խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը՝ կոչ անելով չխուսափել հարցի պատասխանից:
«Եթե օրենքով սահմանված սահմանափակումները չլինեին, համոզված եղեք, որ ես Ձեզ ցանկացած հարցի այս ամբիոնից կպատասխանեի», - արձագանքեց Այվազյանը:
Արեգնազ Մանուկյանն էլ ասաց, թե ինքը կպատասխանի դատավորի փոխարեն.
«Իշխանության ճյուղերին հակակշռման ու փոխադարձ զսպման մեխանիզմի կոպտագույն խախտում է տեղի ունեցել կառավարության ղեկավարի կողմից, ընդամենը այդքանը»: