14/09/2021 13:44
Անարդարացի ոչինչ, անկեղծ ասած, չեմ տեսնում․ Լուսինե Բադալյանը՝ պետբյուջեի հաշվին բարձրաստիճան պաշտոնյաներին բուժօգնություն տրամադրելու մասին
Անարդարացի ոչինչ, անկեղծ ասած, չեմ տեսնում, քանի որ մենք հիմա արդեն պառլամենտական երկիր ենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագծին, որով առաջարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը։
Բադալյանը նշեց, որ նախագծին խորությամբ ծանոթ չէ, սակայն ընդգծեց, որ պառլամենտական երկրի քաղաքացիները պետք է փոխեն վերաբերմունքը խորհրդարանական երկրի ղեկավարների նկատմամբ։
«ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքը, սկսած ԱԺ նախագահից մինչև պատգամավորներ, չի փոխվում, և մենք չենք ընկալվում որպես խորհրդարանական երկրի ներկայացուցչներ», - ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց նաև, որ նախագծով պետբյուջեի հաշվին պաշտոնյաներին տրվող բուժօգնության հնարավորությունն ինքը որպես առավելություն չի ընկալում։
«Ես դա առավելություն չեմ համարում, կարծում եմ, որ այստեղ անվտանգային հարցեր կան», - ասաց Բադալյանը։
Հարցին, թե ինչո՞ւ պիտի ԱԺ նախագահն ու նրա ընտանիքը պետբյուջեի հաշվին բուժում ստանա, իսկ թոշակառուն մնա նույն կենսաթոշակով, Լուսինե Բադալյանը պատասխանեց․
«Իրարից շատ տարբեր բաներ են։ Շատ տարբեր։ Ոչ մի կերպ չես կարող համեմատել։ Սրանք իրար հետ կապ չունեցող երևույթներ են։ Թոշակը մենք արդեն հասցրել ենք մեկ անգամ բարձրացնել և, ինչպես խոստացել է մեր քաղաքական թիմը, այն ամեն տարի պետք է աճման կարգով բարձրանա»։