15/09/2021 14:51
Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, կորցնում ազգային դեմքդ ու նկարագիրդ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, եթե կորցնում ես ազգային դեմքդ ու նկարագիրդ, եթե միտքդ խավարում է անմտությամբ, եթե վերածվում ես ապաբարոյական մի գոյի, որն իրականում այլևս անգո է. ոչնչություն:
Ապրել 21-րդ դարում, լող տալ գիտատեխնիկական օվկիանում, երբեք ու երբեք չի նշանակում հրաժարվել ու կորցնել մարդկայնությունն ու բարոյականությունը, ազգային ինքնագիտակցությունն ու հավատքի սրբությունը. լսո՞ւմ եք առաջադեմ-անդեմներ:
Հայոց Եկեղեցու լույսն ու ճշմարտությունն առհավետ ճառագայթելու է, ձայնը ղողանջելու է և հաստատ ու անփոփոխ է մնալու մեր առաքելությունը:
Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով:
Արդ, ընտրությունը ձերն է. կամ դարձի գալով ընթանում եք այդ լույս ճանապարհով՝ որպես հարազատ զավակներ, կամ էլ չքվում ու վերադառնում եք այնտեղ, որտեղ եղծվեցիք»: