15/09/2021 14:28
Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին անդրադարձել է ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ այն կրում է ակնհայտ սադրիչ բնույթ՝ մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենար:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ, չնայած այս բարդություններին, Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևորել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ գործընթացի վերսկսումը:
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության ընթացքում առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունակականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:
Այդ թվում քարտուղարը կարևորել է ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը: