15/09/2021 17:40
Փաշինյանը վստահեցնում է՝ աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ կկարողանա պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամում չարաշահումներ գտնել (Տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, թե պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմանդրամի գումարների ճակատագիրը մտահոգության տեղիք էր տվել:
Նա հիշեցրեց՝ պետք է աուդիտ կատարվեր ու հասարակությանը հաշվետվություն ներկայացվեր, սակայն մինչ օրս չի ներկայացվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է հայտարարություն, որի բովանդակությունը երաշխավորում է՝ հոգաբարձուների խորհուրդն արձանագրել է, որ չարաշահումներ ու հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, որից հետո, այո, որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ ու իրականացնել աուդիտ:
«Որպես Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ ես տեղյակ եմ, որ աշխատանքներն արվել ու ամփոփվել են, հիմա չեմ կարող ասել՝ հրապարակվել են, թե չէ, բայց գիտեմ, որ աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը, ինչ ասել է հիմնդարմի հոգաբարձուների խուրհուրդը», - ասաց Փաշինյանը:
Նա համոզված է, որ եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի աշխարհի ամենահայտնի ու ամենավստահելի աուդիտորական ընկերությունը, չի կարող այդտեղ որևէ այլ խնդիր առաջանալ, որևէ չաշաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում:
Մամիջանյանը հիշեցրեց, թե հրապարակում է եղել, որ գումարները ծախսվել են ռազմական ուղղությամբ:
Նա ասաց, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձաժողովի ստեղծում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ այդ ընթացքում գումարված միջոցների ծախսման, դրանց արդյունավետության, օպերատիվության ու ոլորտների ընտրության հետ կապված:
«Այդ շրջանում առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կապված էր նրա հետ, որ պետական բյուջեում գումարներ չկային ու այդ գումարը ծախսվել է թոշակների, աշխատավարձերի ու այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այն ծախսերը, որի մասին խոսեց Մամիջանյանը, ըստ ամենայնի, թյուրըմբռնման արդյունք է:
«Կառավարությունը երբեք չի ասել, թե հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նպատակներով: Կառավարությունն ասել է, որ պատերազմական շրջանում իրականացվել է ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար: Պատերազմի ընթացքում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական կարիքներ, տնտեսական կարիքներ, սոցիալական կարիքներ ու այդպես շարունակ։ Կառավարությունը հենց այդ կարիքները հոգալու համար է գումար հատկացրել, այդ 100 միլիարդի մեջ 52 միլիարդը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներից, մնացած ավելի քան 50 միլիարդը եղել է պետական բյուջեի միջոցներից, հետևաբար, չէր կարող պետական բյուջեից միջոցներ տրամադրվեր, եթե, ինչպես դուք եք ասում, պետական բյուջեում միջոցներ չլինեին։ Իսկ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, աուդիտը դա կհրապարակի: Աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ, բացի իմ ասածից, կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև այլ բան տեղի չի ունեցել ու տեղի ունենալ չէր կարող», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: