15/09/2021 15:30
Ազգային ժողովում կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբ. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը ևս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը:
Կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժևորել է պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվեցին որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների: