16/09/2021 12:58
Ամենաապահով սահմանը, որ ունեինք հարավում, այսօր դարձել է ամենաանապահովը, բայց Իրանը Հայաստանի փոխարեն այդ հարցը չի լուծելու. Գոհար Իսկանդարյան
Սյունիքում անորոշ իրավիճակ է ստեղծվել, և իրանական կողմի ձեռքերն այս առումով կապված են։ Սակայն վստահ եմ, որ այդ երկիրն իր դիվանագիտական խողովակներով, դեսպանական ռեսուրսները գործի դնելով՝ կկարողանա վաղ թե ուշ ազատ արձակել ադրբեջանցիների կողմից երեկ ձերբակալված իրանցի երկու վարորդներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
«Իրավիճակն անորոշ է այն առումով, որ եթե ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածը եղել է ադրբեջանական կամ ճանապարհին հարող բնակավայրերը կոչում է ադրբեջանական անուններով, ապա իրանական կողմը, մեծ հաշվով, չի կարող որևէ բան ձեռնարկել։ Այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջի՝ դրանք մեր տարածքներն են, և ադբեջանցիներն ապօրինաբար եկել, ուժով կանգնել են այնտեղ։ Բայց ՀՀ իշխանությունները հաստատում են այն, ինչ ադրբեջանցիներն են ասում, այսինքն՝ այստեղ իրանական կողմը որևէ կոշտ արձագանք կդժվարանա հնչեցնել», - ասաց իրանագետը։
Գոհար Իսկանդարյանի խոսքով, մեծ հարց է, թե ինչպես է այսուհետ իրանակացվելու հայ-իրանական ապրանքաշրջանառությունը։
«Մենք փաստացի երկու ելք ունենք՝ մեկը Վրաստան, մյուսն՝ Իրան։ Այսօր ամենաապահով սահմանը, որ մենք ունեինք հարավում, դարձել է ամենաանապահովը։ Սա շատ լուրջ խնդիր է, որն առաջին հերթին ՀՀ իշխանությունը պետք է լուծի։ Մենք չպետք է ակնկալենք, որ այդ հարցը պետք է լուծի Իրանը, որովհետև Գորիս-Կապա ավտոճանապարհը ՀՀ տարածք է։
Մյուս կողմից, երբ իրանցի բեռնափոխադրողներից ադրբեջանցիները մաքսատուրքեր են գանձում, բնական է, որ Հայաստանում բավական մատչելի իրանական ապրանքները զգալի թանկանալու են։ Կառավարությունը պետք է հասկանա սա և համապատասխան քայլեր ձեռնարկի», - նշեց Գոհար Իսկանդարյանը։