16/09/2021 16:18
«Նիկոլը ուշ, թե շուտ, չի լինելու․ հողը և Աստված նրան երկար չեն պահելու»․ Երևանում բողոքի ակցիաներ են մեկնարկում
Փաշինյանը չի կարող հավերժ կամ երկարաժամկետ լինել․ եթե Աստծուն չեք հավատում՝ հողը, եթե աստվածավախ եք՝ Աստված, չեն կարող նրան երկարաժամկետ պահել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը, որը միացել է սեպտեմբերի 18-ից Երևանում մեկնարկող բողոքի ակցիաներին՝ ընդդեմ գործող իշխանության, ինչպես նաև Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։
Արթուր Համբարձումյանը վստահություն հայտնեց, որ Փաշինյանի իշխանությունը չի կարող երկար շարունակվել։
«Սրա մասին գիտեն նաև իրենք, հիմա իրենց մեծամասնությունը կառչած է Նիկոլից, որովհետև այնքան պղծություններ են արել, որ գիտեն՝ Նիկոլը չեղավ, իրենց «հերն էլ է անիծվելու», բայց իրենք էլ գիտեն, որ Նիկոլը ուշ, թե շուտ, չի լինելու», - ասաց նա։
Համբարձումյանը նաև կոչ ուղղեց՝ միանալու սեպտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկող բողոքի ակցիաներին։
«Բոլորին՝ այն մարդկանց, ում համար Հայաստանի, Արցախի կորուստն ու հազարավոր զոհերը ցավ են, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Ողջ հայությանը՝ Բուենոս Այրեսից մինչև Լոս Անջելես, անկախ նրանից, թե որտեղ են ապրում, խոսեն, բարձրաձայնեն», - ասաց նա։
Լրագրողների հետ կայացած մեկ այլ հանդիպման ժամանակ «Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ» Իրինա Գասպարյանն էլ անընդունելի համարեց բազմահազար զոհերով պատերազմից նույնիսկ մեկ տարի չանցած՝ «գունագեղ» տոնակատարության կազմակերպումը, երբ ծնողներն անամոքելի վիշտ ունեն, գերիները չեն վերադարձել ու կան անհետ կորածներ։
«Ասորի ժողովուրդն էլ ունի զոհեր, քանի որ ասորիներն էլ մասնակցել են այդ պատերազմին, որովհետև ասորիներն էլ համարում են, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, և այն ամենը, ինչը վերաբերում է Հայաստանին, մենք ցավով ենք ընդունում», - ասաց նա։
Իրինա Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, անշուշտ, տոն է, բայց այս պայմաններում այն կարելի էր նաև ավելի համեստ նշել։