16/09/2021 14:46
Ադրբեջանի հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյանը՝ Նիդերլանդների դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում:
ԱԺ նախագահը նշել է, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ եւ նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման եւ Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար:
ԱԺ նախագահն անդրադարձել է հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից: Դրանք են խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման շուտափույթ իրականացումը եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա ընդգծել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը՝ նշելով, որ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Դեսպանը վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը:
Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը: