16/09/2021 14:52
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրավիճակը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը անդրադարձ է եղել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:
Խնդրի վերաբերյալ այլ մանրամասներ ԱԺ-ից չեն հաղորդել։
Նշենք, որ Որոտանի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը անցակետ է տեղակայել, ստուգում է Իրանից Հայաստան եկող բեռնատարները, գումար գանձում վարորդներից, ինչը մեծ դժգոհությունների առիթ է դարձել։ Երեկ ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանն ասել է, որ իրանական բեռնատարները հավաքվել են այդ տարածքում ՀՀ ԱԱԾ անցակետի մոտ և դեպի Կապան չեն շարժվում, քանի որ ադրբեջանցի ոստիկաններին վճարելու գումար չունեն։
«Կուտակումներն այստեղ շատ մեծ են, 2-3 կիլոմետրանոց խցանումներ են առաջացել: Մեղրիի կողմից Հայաստան մտնելու համար ադրբեջանցիներն իրանցիներից պահանջում են 130 դոլար, Գորիսից Մեղրի գնալու համար՝ 250 դոլար», - տեղեկացրել է Գորիսի փոխքաղաքապետը։