16/09/2021 10:18
Իրանցի բեռնափոխադրողները մի օր կհոգնեն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների հարուցած անհարմարություններից. իրանագետ
Իրանում, բնականաբար, լրջորեն մտահոգված են Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներն ու ավտոբուսները ստուգել-գանձելու փաստից, որովհետև Իրանը Վրաստանին և Եվրոպային կապող ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։
«Այլ երկրներ ապրանքներ արտաանելու համար Իրանն առավելապես Հայաստանն է դիտարկել որպես տարանցիկ երկիր։ Թուրքիան ևս տարիներ շարունակ փորձում է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ, սակայն տարիներ առաջ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ քրդերը հարձակվել են Թուրքիայի տարածքով անցնող իրանական ավտոմեքենաների վրա», - ասաց իրանագետը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանցի ոստիկանների հարուցած անհարմարությունների պատճառով իրանցի վարորդները մի օր որոշեն այլընտրանքային ճանապարհով երթևեկել կամ առհասարակ ՀՀ տարածք մուտք չգործել, Վարդանյանը դրական պատասխան հնչեցրեց՝ նման զարգացումը խիստ իրատեսական համարելով։
«Միանշանակ, այդպես էլ լինելու է։ Ադրբեջանական կողմի քայլերը հենց դրան են միտված՝ զրկել Հայաստանը իրանական բեռնափոխադրումներից, ազդել տնտեսության զարգացման վրա և ստիպել, որ իրանական մեքենաներն անցնեն Ադրբեջանի տարածքով։
Բնական է, որ իրանցի բեռնափոխադրողները մի օր ոչ միայն կհոգնեն Գորիս-Կապան ավտոճանապարհի կուտակումներից, այլև կհասկանան, որ այդ ճանապարհով անցնելն իրենց համար ֆինանասական խնդիրներ է առաջացնում։ Խոսքը ադրբեջանցիների կողմից կիրառվող մաքսերի և լրացուցիչ գանձումների մասին է», - եզրափակեց իրանագետը։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է լուրը: