18/09/2021 11:53
ԵՊՀ-ում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ կան. փակագծերը կբացեմ ավելի ուշ. Գևորգ Էմին-Տերյան
Այն, ինչ կատարվում է Երևանի պետական համալսարանում, իսկապես բեսպրեդել է, և իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու համար ես երկու հայցով արդեն իսկ դիմել եմ դատարան. երրորդ հայցով կդիմեմ ամենաուշը գալիք չորեքշաբթի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից օրերս ազատված Գևորգ Էմին-Տերյանը։
«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ինձ երեք նկատողություն է տվել՝ երեքն էլ շատ ծիծաղելի։ Նկատողություններից մեկը վերաբերում է համալսարանում պատվաստումների գործընթացի լուսաբանմանը։ Ռեկտորի ժ/պ-ն օգոստոսի 26-ին ինձ հանձնարարական է տվել, ես արդեն ամսի 27-ին կազմակերպել եմ լուսաբանումը։ Ապա սեպտեմբերի 1-ին նրանից ստացել եմ մի գրություն, որ բացատրություն ներկայացնեմ՝ ինչու օգոստոսի 30-ին պատվաստման գործընթացը չի լուսաբանվել։ Ես ռեկտորի ժ/պ-ին պատասխան եմ գրել, որ իր հանձնարարականի մեջ չկար կետ, թե ինչ պարբերականությամբ պետք է գործընթացը լուսաբանել։ Սա, ճիշտն ասած, բեսպրեդել է, և Հովհաննես Հովհանիսյանը, ենթադրում եմ, այսկերպ ցույց է տալիս «պողպատե մանդատի» ուժը», - ասաց Գևորգ Էմին-Տերյանը։
ԵՊՀ նախկին խոսնակի նշեց՝ բուհում կան ճնշումներ՝ իրավապահ համակարգի կողմից։ Այլ մանրամասներ նա չցանկացավ նեկայացնել՝ նշելով, որ դրա մասին առավել մանրամասն կխոսի առաջիկայում։
«Աննախադեպ վիճակ է, չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց սպառնալիքների մի քանի դեպք է եղել. սպառնալիքներ և այլն։ Եթե որևէ արձագանք չլինի, ես անպայման կբացեմ այս պատմությունը», - ասաց նա՝ շեշտելով, որ սպառնալիքներն իր հասցեին չեն եղել։
Էմին-Տերյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատելուց հետո մամուլի խոսնակի պարտականությունները ներկայումս դրված են ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի վրա։
«Նա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է և միայն դրա համար նշանակվել է պրոռեկտոր։ Չիմանալով ռուսերեն և անգլերեն՝ նա համակարգում է ԵՊՀ միջազգային հարաբերությունները։ Ակնհայտ է, որ ռեկտորի ժ/պ-ն նպատակ ուներ ինձ հեռացնելու աշխատանքից։ Նա շատ ինտենսիվորեն բացթողումներ էր փնտրում իմ աշխատանքում, օրական 3-4 հատ բացատրություն էի գրում», - ասաց Էմին-Տերյանը։
Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իրեն արված մյուս երկու նկատողություններին, ապա, ըստ Էմին-Տերյանի, դրանցից մեկը վերաբերում է սեփական գրառման համար հերքման տեքստ այդպես էլ չգրելուն։
«Ես ռեկտորի ժ/պ-ին գրել եմ, որ իր հանձնարարությունն ապօրինի է, ինքն իրավունք չունի ինձ նման հանձնարարություն տալու՝ հերքել ինքս իմ գրածը։ Երրորդ նկատողությունը վերաբերում է իբր իմ՝ աշխատանքից ուշանալուն։ Ենթադրում եմ, որ նա ժամերը ֆիքսել է՝ տեսագրությւնները դիտելով։
Ես բացատրություն եմ գրել, որ իմ աշխատանքը չի սահմանափակվում միայն իմ աշխատասենյակով, որովհետև ԵՊՀ ողջ տարածքն իմ աշխատավայրն է։ Հիմնավորել եմ, որ շրջել եմ համալսարանի տարածքով։ Ավելին, այդ տեսանյութերը անձնական տվյալների ապօրինի օգտագործում է, և այդ նյութերն այժմ Վիգեն անունով մի տղայի ձեռքում են, ով ներկայանում է որպես ռեկտորի օգնական։ Նա, սակայն, համալսարանում հաստիք չունի։ Ինձ առնչվող տեսանյութերը, փաստորեն, անցել են մեկին, ով ոչ մի կապ չունի ԵՊՀ-ի հետ և բուհում որևէ իրավասություն չունի։ Սա ևս որոշակի պատասխանատվություն առաջացնող դրվագ է», - ամփոփեց Գևորգ Էմին-Տերյանը։