18/09/2021 18:21
Ոստիկանները հրաման են ստացել՝ դաժան ջարդել բոլորին, որ էլ չհամարձակվեն բողոքել․ Արմեն Գրիգորյանը դուրս եկավ ոստիկանությունից
«Շատ անսպասելի կարմիրբերետավորներն սկսեցին ծեծել ակցիայի մասնակիցներին, գցել գետնին, ընդ որում՝ կանանց։ Մենք ուզում էինք գնալ հրապարակ։ Ես մոտեցա այդ կարմիրբերետավորների շարքին, ասացի՝ ի՞նչ եք անում, կանանց ինչու՞ եք ծեծում, չե՞ք ամաչում, ինձ տարեք, ու ինձ տարան։ Բայց ճանապարհին այդ կարմիրբերետավորներից մեկը դիտմամբ հարվածեց կողքիս։ Օգտվելով նրանից, որ երկու կողմից ձեռքերս բռնած էին, տակից աջ ձեռքով խփեց կողերիս։ Հետո դիտմամբ գցեցին գետնին, քարշ տվին, ոտքս վնասվեց»,- լրագրողների հետ զրույցում իրեն բերման ենթարկելու մանրամասները պատմեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժանից՝ շտապ օգնության բժիշկների ուղեկցությամբ։
Նրան և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «գունագեղ» ակցիայի դեմ բողոքի դուրս եկած բազմաթիվ քաղաքացիների այսօր բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժիններ։
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ հիշում է իրեն հարվածած ոստիկանին և արդեն բողոք է ներկայացրել նրա դեմ։ Ասաց նաև, որ այժմ գնում է ռենտգեն հետազոտության անցնելու, քանի որ իրեն զննած բժիշկները կասկածում են, որ ոտքը կարող է ճաքած լինել։
Գրիգորյանը նշեց նաև, որ ոչ այնքան ոստիկաններին է մեղադրում, որքան իշխանություններին։
«Փորձում են վախեցնել։ Ծիծաղելի է։ 200-300 հոգի էինք, ուզում էինք գնալ կառավարության շենքի մոտ, հայտարարեցինք, որ լռության ցույց է, վանկարկումներ չեն լինելու։ Ասացին՝ թույլ չենք տալու։ Հրաման են հաստատ ստացել, հո առաջին անգամը չէ։ Հրաման են ստացել՝ դաժան ջարդել բոլորին, որ էլ չհամարձակվեն։ Հիմա ուզում եմ ասել. համարձակվել ենք, համարձակվում ենք, համարձակվելու ենք»,- ասաց նա։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ բուժզննություն անցնելուց հետո գնալու է Հանրապետության հրապարակ, ինչպես նախապես խոստացել էր։