18/09/2021 19:00
«Չի բացառվում, որ ամսի 21-ին լինի ոչ թե տոնակատարություն, այլ, Աստված մի արասցե, արյունահեղություն». Զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»
Զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ տոնակատարությունը»:
Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատներից Արսեն Ղուկասյանն ասաց, թե ստորագրահավաք են կազմակերպել՝ պարզելու, թե ովքեր են համաձայն, որ համերգը չեղարկվի:
Նա նշեց, թե վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանից երեկ հետաքրքրվել են՝ երաշխավորո՞ւմ է, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում միջադեպ տեղի չի ունենա:
«Չի բացառվում, որ ամսի 21–ին այստեղ լինի ոչ թե տոնակատարություն, այլ, Աստված մի արասցե, արյունահեղություն, քանի որ տարբեր բևեռներից մարդիկ կլինեն»,-ասաց Ղուկասյանը:
Նա ասաց, թե հենց սրանով պայմանավորված էլ պահանջում են, որ համերգը չեղարկվի ու տեղափոխվի նոյեմբերի 10-ից հետո:
Նրանք պահանջում են համերգի փոխարեն լուռ քայլերթ անել դեպի Եռաբլուր՝ հարգելով բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքի գնով հնարավորություն տվեցին ապրել ազատ հայրենիքում:
«Հակառակ դեպքում, մենք պատրաստ ենք դիմել դատախազությանը, դեսպանատներին,ՄԱԿ-ին ու բոլոր լրատվամիջոցներին առ այն, որ մեր արդարացի պահանջը չի բավարարվել»,-ասաց Արսեն Ղուկասյանը: